ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ուրախ է, որ «վերջապես ազատվեցինք այդ կառավարությունից, որը մեր երկրի գլխին պատուհաս էր դարձել»:

«Բավականին դրական եմ գնահատում Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ուրախ եմ, որ վերջապես ազատվեցինք մեր երկրի գլխին պատուհաս դարձած կառավարությունից: Շնորհավորում եմ ժողովրդին իրոք այս քայլի կապակցությամբ, որ մենք վերջապես ազատվեցինք Տիգրան Սարգսյանի կառավարությունից, դա հաղթանակ է մեր ժողովրդի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք անակնկալ էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Վահան Բաբայանն ընդգծեց. «Անակնկալ չէր, մեր բոլոր քայլերը հենց դրան էին ուղղված: Տապալված կառավարության հրաժարականի լուրը չէր կարող նորություն կամ զարմանք լիներ: Տիգրան Սարգսյանի կառավարությունն ուշ թե շուտ պետք է գնար, այս դեպքում գնաց ավելի շուտ, քան մենք նախատեսում էինք անվստահություն հայտնել»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ նոր վարչապետի թեկնածուի մասին խոսելը դեռ վաղ է:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է: