«McDonald’s» ընկերությունն ապրիլի 3-ից արտադրական պատճառներով դադարեցրել է արագ սնունդի «McDonald՝s» ռեստորանների ցանցի աշխատանքը Ղրիմում:
«Արտադրական պատճառների կապակցությամբ, որոնք կախված չեն «McDonald’s»-ից, Սիմֆերոպոլում, Սեւաստոպոլում եւ Յալթայում գտնվող ռեստորանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ «McDonald՝s Ukraine LTD»-ն նշել է, որ ընկերությունը հնարավորություն է տրամադրել փակվող ռեստորանների բոլոր աշխատակիցներին տեղափոխվել McDonald's-ի՝ Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած այլ հաստատություն՝ պահպանելով զբաղեցրած պաշտոնը, աշխատավարձը, սակագները, հաշվի կառնվի աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների ուղեվարձը, նոր բնակարան տեղափոխվելու դեպքում բնակարանի վարձը՝ երեք ամսվա ընթացքում ընկերության հաշվին:
«… եթե աշխատակիցը չի ցանկանում տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաք, ապա մենք նրան առաջարկում ենք աշխատանքային հարաբերությունների դադարեցում առավելագույնս հաշվի առնելով աշխատակիցների շահերը փոխհատուցման վճարմամբ»,- ընդգծվում է հաղորդագրությունում:




























