Եվրոպայում ավիացիոն անվտանգության ապահովման գործակալությունը հինգշաբթի նախազգուշացրել է միջազգային ընկերությունների համար «լուրջ ռիսկերի« մասին, որոնք Ղրիմի վրայով չվերթներ են իրականացնում, հաղորդում է «Reuters»-ը:
Ավիացիոն անվտանգության ապահովման եվրոպական գործակալության կարծիքով միաժամանակ երկու ծառայությունների(ուկրաինական եւ ռուսական) առկայությունը, որոնք Ղրիմում վերահսկում են օդային միջավայրը, լուրջ վտանգ են ներկայացնում:Ավելի վաղ Ռուսաստանը հրապարակել էր ծանուցում մտադրության մասին սպասարկել Ղրիմի վրայով իրականացվող օդային շարժումը Սիմֆերոպոլում գտնվող թռիչքային տեղեկատվության կենտրոնից: Ուկրաինան նաեւ մտադիր չէ հրաժարվել Ղրիմում քաղաքացիական օդանավերի տեղաշարժի կառավարումից:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ավիացիոն անվտանգության ապահովման եվրոպական գործակալությունը կոչ է արել ԵՄ երկրների բոլոր ավիացիոն օրգաններին խորհուրդ տալ փոխադրողներին խուսափել Ղրիմի վրայով թռիչքներից եւ այլընտրանքային ուղիներից օգտվել:«Մեկից ավելի պատասխանատուների առկայությունը թռիչքի միեւնույն վայրում կարող է վտանգավոր լինել, իսկ ուղեւորների անվտանգության հետ կապված հարցերում չի կարող որեւէ փոխզիջում լինել»,- հայտարարել է Ավիացիոն անվտանգության ապահովման եվրոպական գործակալության գործադիր տնօրեն Պատրիկ Կին:

























