Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները փնտրող փրկարարները գործողությունների նոր էտապի են անցել՝ նրանց այսուհետ ինքնաթիռի «սեւ արկղի» ստորջրյա որոնումներով կզբաղվեն։

Հաղորդվում է, որ գործողությունների իրականացմամբ կզբաղվեն բրիտանական ռազմածովային ուժերի Echo հիդրոգրաֆիական նավը եւ օվկիանոսի հատակին որոնումներ իրականացնելու հնարավորություն ունեցող, հսկայական TPL-25 ստորջրյա բարձրախոսով եւ Bluefin-21 ռոբոտով սարքավորված ավստրալիական Ocean Shield տրանսպորտային նավը։ Հնդկական օվկիանոսի հարավում իրականացվելիք որոնումների մակերեսը կազմում է 217 հազար քառ կմ, հաղորդում է CNN-ը։

Հիշեցնենք, որ Boeing-777 Կուալա-Լումպուր-Պեկին չվերթի մարդատար ինքնաթիռը կորել էր մարտի 8-ի գիշերը։ Այն անհետացել էր ռադարների էկրանից թռիչքից մոտ մեկ ժամ անց։ Օդանավում էին գտնվում 239 մարդ։

Malaysia Airlines ավիաընկերության ներկայացուցիչները մարտի 23-ին հայտարարել էին ինքնաթիռի՝ Հնդկական օվկիանոս ընկնելու մասին։  Համաձայն վարկածներից մեկի, Boeing-777-ը շեղվել էր թռիչքուղուց օդաչուի կամ ուղեւորներից մեկի կողմից ինքնաթիռի կառավարմանը միջամտելուց հետո, ապա անցնելով մոտ 4000 կմ, վառելիքը սպառելուց հետո ընկել էր Հնդկական օվկիանոս։ Որոնումների ընթացքում բազմաթիվ անգամներ հայտարարություններ են հնչեցվել կորած օդանավին նմանվող օբյեկտների հայտնաբերման մասին, սակայն առայժմ դրանցից ոչ մեկի անհետացած ինքնաթիռին պատկանելիությունը չի հաստատվել։