Բրիտանիայի արքայազն Հարրին, որ չորրորդն է թագավորության գահի ժառանգորդների ցանկում, պատրաստվում է մյուս տարի ամուսնանալ ընկերուհու՝ Քրեսսիդա Բոնասի հետ, հաղորդում է The Daily Mail-ը։

Բոնասի մոտ ընկերոջից ստացված տեղեկություններով, արքայազն Հարրին անընդմեջ հարսանիքի մասին է խոսում։ «Նշանակալի իրադարձությունը, ամենայն հավանականությամբ, մյուս տարի կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ դրան է տանում։

Ինչպես պարբերականն է նշում, Բոնասը «հաղթահարել է իր վախերը» եւ ընդունել Հարրիի ամուսնության առաջարկը դեռեւս անցած տարվա նոյեմբերին։ Զույգը հանդիպում է 2013թ. մայիս ամսից։  Նրանք ծանոթացել են արքայազնի զարմուհու՝ արքայադստեր Եվգենիայի միջոցով։

Քրեսսիդա Բոնասը հարուստ ընտանիքից է սերում։ Նրա հայրը գործարար եւ պատմաբան, Հարրոու էլիտար դպրոցի եւ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Ջեֆրի Բոնասն է, որ ներկայումս գործվածքների առեւտրով զբաղվող ընկերություն է գլխավորում։ Հարսնացուի մայրը՝ լեդի Մերի-Գեյ Ջորջինա Լորնա Կերզոնը Կերզոն-Հաու-ի դքսերի ընտանիքի անդամ է, 1920-ականների սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերին նախարար Ջորջ Կերզոնի հեռավոր ազգականներից մեկը։

Քրեսսիդա Բոնասը պարային արվեստ է ուսումնասիրել Լիդսի համալսարանում, այնուհետեւ ավարտել Լոնդոնի կոնսերվատորիան եւ «Թրինիթի Լաբան» պարի դպրոցը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։