Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ ապրիլի 4-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին դատարանը սանկցիա կիրառեց Հակոբյանների նկատմամբ:

Հակոբյանները վրդովվեցին, երբ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ  Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործով վկաներ Տիգրան Հակոբյանին, Վռամ Վարդանյանին եւ Տիգրան Պետրոսյանին դատարան հրավիրելու համար: Պաշտպանը դատարանի դահլիճում մեջբերում արեց վերոնշյալ վկաների նախաքննական ցուցմունքներից այն մասին, որ նրանք Վարդան Պետրոսյանին վթարից հետո մեքենայից իջեցնելիս եւ հետո նրան առաջին օգնություն ցույց տալիս չեն զգացել, որ դերասանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել:

Միջնորդությունից հետո մահացած տղաներից մեկի հայրը՝ Հայկ Հակոբյանը վրդովված խոսեց տեղից:

«Ի՞նչ շոու եք սարքում, մեկդ շոու ա սարքում, մյուսը՝ չգիտեմ ինչ: Արյունով եք փոխհատուցելու: Դուք սպանում եք, թող մենք էլ վիրավորենք»,- ասաց նա:

Հայկ Հակոբյանին միացավ նաև նրա բարեկամներից Սերգեյ Սիմոնյանը, ինչից հետո դատարանը նրանց երկուսի նկատմամբ սանկցիա կիրառեց և հեռացրեց նրանց նիստերի դահլիճից:

Պաշտպանի միջնորդությունը նաև վրդովվեցրեց մահացած մյուս տղայի հորը՝ Արթուր Հակոբյանին, որը ասաց. «Երևի ի՞նձ էստեղից ձերբակալեք։ Փաստորեն բոլորը մեղավոր են բացի Վարդան Պետրոսյանից»:

Դատավորը բավարարեց վկաներին դատարան կանչելու միջնորդությունը, հետաձգեց նիստը եւ հաջորդը նշանակեց ապրիլի 18-ին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստից հետո դատարանի բակում վիճաբանություն տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանին աջակցելու եկած ընկերների եւ տուժող կողմի միջեւ։ Հակոբյանները վրդովված էին, անիծում եւ հայհոյում էին Վարդան Պետրոսյանին. «Ինքը մենակ լրագրողների առաջ ա ներողությունը խնդրում, տանես գլուխը տաս գերեզմանի քարին»,- ասում էր Արթուր Հակոբյանը։

Ավելի վաղ դատավոր մերժել էր Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկի վերաբերյալ, Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել քրեական գործը: Դատավորը, սակայն, չկարդաց միջնորդության մերժման ամբողջ որոշումը, որը Նիկոլայ Բաղդասարյանը որակեց որպես օրենքի խախտում:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի անթույլատրելի ճանաչվեն Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալի հարցաքննելու եւ ապա որպես մեղադրյալ հարցաքննելու մասին արձանագրությունները:

Պաշտպանն ասաց, որ քննիչ Հակոբյանը արձանագրությունները կազմել է օրենքի բազմաթիվ խախտումներով, հետեւաբար դրանք պետք է ճանաչվեն անթույլատրելի։

Վարդան Պետրոսյանը այդ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս ասաց, որ ինքը դեպքը համարում է դժբախտ պատահար, մեծ ողբերգություն. «Ես չէի ցանկանում անգամ փաստաբան ներգրավել այս գործին, ես պաշտպան ունեցա, երբ իմացա, որ իմ դեմ ցուցմունքներ են տվել՝ ասելով, որ միայն ես եմ մեղավոր միջադեպի համար: Քննիչը նախաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել եւ փորձել է առանց իմ պաշտպանի ներկայության ինձ հարցաքննել: Երբ հիվանդանոցում էի, եկավ հարցաքննման, ասացի՝ փաստաբանս որտե՞ղ է, ինչո՞ւ չեք կանչել, ասաց՝ ձեր պաշտպանը խաշի է, ու բավականին լուրջ ասաց: Հետո զանգեցինք, իմ փաստաբանը եկավ, պարզվեց, որ նման բան չկա»։

Դատավորը միջնորդության քննությունը հետաձգեց մինչեւ գործով էական փաստերի ի հայտ գալը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am