Հայաստանի ԱԳՆ-ում, ապրիլի 3-4-ը տեղի է ունեցել 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ Կառավարության միջեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ եւ ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկել են միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները:
Կողմերը տեղեկատվություն են փոխանակել արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների եւ միտումների վերաբերյալ ու քննարկել միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների եւ այլ գործիքների կիրառումը:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ աջակցությունը եւ կարեւորել հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն է արտահայտել կատարված աշխատանքներից եւ արձանագրված առաջընթացից:
Կողմերը նախանշել են նաեւ ապագա քայլերը:




























