Բրյուսելի կենտրոնում ԵՄ կառավարությունների հակաճգնաժամային քաղաքականության դեմ հանրահավաքը վերաճել է անկարգությունների: Խիստ տնտեսմանն ուղղված միջոցառումների դեմ կարգախոսներով Բելգիայի մայրաքաղաքի փողոցներ է ելել ԵՄ տարբեր երկրներից ժամանած մոտ 40 հազար մարդ:

Այս բողոքի ակցիան նվիրված է մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: Ակցիայի մասնակիցները կոչ են անում աջակցել այն թեկնածուներին, որոնք կկարողանան փոփոխել պետական կառավարման ոճը:

Արհմիությունների գործիչները պահանջում են կառավարություններից ավելի շատ միջոցներ ներդնել աշխատատեղերի ստեղծման համար:

Հանրահավաքի ժամանակ ցուցարարները նարինջներ ու քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս պատասխանել են ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի օգտագործմամբ, հաղորդում է Euronews-ը:

Նշվում է, որ Արհմիությունների եվրոպական կոնֆերանսն արդեն վաղուց դիմել է կոնֆերանսի անցկացման համար, սակայն Բրյուսելի իշխանությունները թույլտվություն չեն տվել անվտանգության նկատառումներից ելնելով: