Կրկին ակտիվացել են Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Բոյինգ օդանավի՝ Հնդկական օվկիանոսում տարվող որոնողական աշխատանքները. այժմ որոնումներին մասնակցում են 11 նավ, ինչպես նաեւ 10 ռազմական եւ 3 քաղաքացիական ինքնաթիռներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ապրիլի 4-ին ստորջրյա օբյեկտներ հայտնաբերելու համար ձայնային արձագանքման սարքավորումներով զինված նավերը սկսել են ինքնաթիռի «սեւ արկղի» որոնումները։
Չնայած Boeing-ի հայտնաբերման համար ներդրված հսկայական միջազգային ջանքերին, դրա անհետացման հանգամանքները դեռեւ անհայտ են մնում։
«Սեւ արկղի» որոնումներին ընդամենը մի քանի օր է մնում, քանի որ մարտկոցներից սնուցում ստացող հաղորդիչները աղետից 30 օր անց դադարում են ազդանշան ուղարկել։
Հիշեցնենք, որ Կուալա-Լումպուր-Պեկին թռիչքուղով ընթացող ինքնաթիռը կորել էր մարտի 8-ի գիշերը։ Այն անհետացել էր ռադարների էկրանից թռիչքից մոտ մեկ ժամ անց։ Օդանավում էին գտնվում 239 մարդ։
Malaysia Airlines ավիաընկերության ներկայացուցիչները մարտի 23-ին հայտարարել էին ինքնաթիռի՝ Հնդկական օվկիանոս ընկնելու մասին։ Համաձայն վարկածներից մեկի, Բոյինգը շեղվել էր թռիչքուղուց օդաչուի կամ ուղեւորներից մեկի կողմից օդանավի կառավարմանը միջամտելուց հետո, ապա անցնելով մոտ 4000 կմ, վառելիքը սպառելուց հետո ընկել էր Հնդկական օվկիանոս։ Փնտրտուքների ընթացքում բազմաթիվ անգամներ հայտարարություններ են հնչեցվել կորած օդանավին նմանվող օբյեկտների հայտնաբերման մասին, սակայն առայժմ դրանցից ոչ մեկի անհետացած ինքնաթիռին պատկանելիությունը չի հաստատվել։




























