Ղրիմը հանձնելու համար քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն Ալեքսանդր Տուրչինովն ու «Բատկիվշչինան»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն:
Նա նշել է, որ Սահմանադրության մեջ գրված է. «Ուկրաինայի նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, ապահովում է երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունն ու պաշտպանությունը: Ո՞վ է հիմա նախագահը՝ Տուրչինովը: Նա այդ ամենը չի ապահովել, որովհետեւ Ուկրաինայի հսկա տարածքը, որը հավասար է մի քանի եվրոպական երկրների, թույլ է տվել օկուպացնել: Նման բաները չի կարելի ներել: Դրա համար պետք է պատասխանատվություն կրել»,-հայտարարել է Գրիցենկոն՝ ուկրաինական «UBR» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Բացի այդ, Գրիցենկոն համարում է, որ քաղաքական պատասխանատվություն պետք է կրի նաեւ «Բատկիվշչինա» կուսակցությունը, քանի որ հենց այդ կուսակցությունն է այսօր իշխանության, եւ բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են հենց այդ ուժի ներկայացուցիչները:
«Ղրիմի կորստից կարելի կլիներ խուսափել, եթե Ուկրաինայի նոր իշխանությունը անմիջապես արձագանքեր այն ժամանակ, երբ հայտնվեցին առաջին 100 զինված մարդիկ եւ գրավեցին վարչական շենքերը Սիմֆերոպոլում: Թերակղզու օկուպացիան կանխելու համար այն ժամանակ բանակ պետք չէր, կբավականացնեին Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները»,-համոզված է Գրիցենկոն:



























