ՄԱԿ-ի՝ Ղրիմում անցկացված հանրաքվեի ոչ օրինական լինելու մասին բանաձեւի վերաբերյալ Հայաստանի որոշումը կապ չունի Երեւանի եւ Մոսկվայի ռազմավարական միության հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Չարժե այդ հարցը Ռուսաստանի հետ կապել։ Մենք չենք թաքցնում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Եվ այո՝ մենք մեր ապագան այդ երկրի հետ սերտ համագործակցության մեջ ենք տեսնում ու պատրաստվում ենք Մաքսային միության անդամ դառնալ, բայց այդ քվեարկությունը հետեւանք է ազգերի ինքնորոշմա վերաբերյալ մեր դիրքորոշման»,-պարզաբանել է Անդրանիկ Մանուկյանը՝ պատասխանելով ուկրաինական segodnya.ua գործակալության՝ Կրեմլի կողմից Երեւանի վրա հավանական ճնշումների վերաբերյալ հարցին։

Դեսպանի խոսքերով, «մարդիկ, որոնք ծանոթ չեն ղարաբաղյան հակամարտության պատմությանը, չեն կարող ճիշտ գնահատական տալ ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը»։

«Ցավոք, որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հակահայկական քարոզչություն սկսեցին, դա ճիշտ չէ: Մեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Մենք հազարամյա համատեղ պատմություն ունենք: Ուկրաինայում մոտ 600 հազար հայ է ապրում: Ներկայումս, տեղի ունեցած իրադարձություններից հետո, ես ամեն օր հանդիպում եմ մեր սփյուռքի ներկայացուցիչների հետ Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններից: Ես մշտապես լսում եմ նրանցից, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են, մենք Ուկրաինայի կողմից ենք»,-ասել է Մանուկյանը:

«Վերջերս լրացավ մեր Սերգեյ Նիգոյանի սպանության 40-րդ օրը, որը Մայդանում առաջին զոհը դարձավ: Ես եղել եմ Մայդանում, ծաղիկներ եմ դրել հուշատախտակի մոտ, մոմ վառել: Շատ մարդ էր եկել, հարյուրավոր ուկրաինացիներ ու հայեր կային: Ես ոչ մի բացասական արտահայտություն չեմ լսել, լսել եմ միայն «Дякуємо»: Ուկրաինայի ավելի լավ ապագայի համար զոհված 102 մարդուց երկուսը հայ ժողովրդի զավակներ էին»,-նշել է Հայաստանի դեսպանը:

«Հայերն այնպիսի ժողովուրդ են, որ ձախորդության մեջ երբեք չեն լքի իրենց եղբորը; Իհարկե, մեծ ցավ է միակ որդու կորուստը։ Դա անդառնալի կորուստ է։ Նրան համար այժմ  ֆինանսական օգնությունը քիչ նշանակություն ունի, բայց մենք իհարկե կշարունակենք աջակցել երկու ընտանիքներին։ Սերգեյի ծնողները շատ հպարտանում են իրենց որդով։ Նրանք կորցրել են միակ որդուն, բայց հպարտ են, որն նա պայքարել է հանուն Ուկրաինայի, որն իրենց ապաստանել էր արցախյան պատերազմի տարիներին», - ասել է դիվանագետը։

Անդրանիկ Մանուկյանը նաեւ նշել է, որ  ՄԱԿ-ի բանաձեւի քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը փորձել է բացատրել նաեւ Ուկրաինայի ԱԳՆ-ում. «Կարծում եմ՝ ձեր ԱԳՆ-ի աշխատակիցներն այն ըմբռնեցին»։

Դեսպանը նաեւ երկու երկրների միջեւ բարեկամական փոխհարաբերությունները  ապագայում եւս շարունակելու հույս է հայտնել, նույնիսկ եթե Ուկրաինան դուրս գա ԱՊՀ-ից:  

«Հուսով եմ, որ մենք բարեկամության եւ եղբայրության ավանդույթները կշարունակենք նաեւ ապագայում: Ըստ 2013թ. հոկտեմբերի վերջի արդյունքների՝ մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է  200 միլիոն դոլար: 80%-ը ձեր արտահանումն է, հիմնականում մետաղական ապրանքներ, գյուղատնտեսական եւ բժշկական արտադրանք: Հուսով ենք, որ առեւտրաշրջանառությունը կավելանա», - ասել է Մանուկյանը: