Չիլիի՝ նշանակությամբ երկրորդ Վալպարաիսո քաղաքում հրդեհի հետեւանքով շուրջ 500 տուն է այրվել, ավելի քան 3 հազար բնակիչ տարհանվել է: Տեղական ԶԼՄ-ներին հղում կատարելով՝ այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Շաբաթ երկրի նախագահ Միշել Բաչելեթն արտակարգ դրության մասին հրամանագիր է ստորագրել, որը զինված ուժերին թույլ է տալիս մուտք գործել քաղաքի փողոցներ՝ բնակչությանը պաշտպանելու եւ հազարավոր մարդկանց տարհանմանն օգնելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի հետեւանքով 100 տուն է ոչնչացել:

Իշխանություններն առայժմ չեն հստակեցրել Վալպարաիսոյի շրջակայքի բլուրներում առաջացած հրդեհի պատճառները: Միաժամանակ, հայտնի է միայն մեկ տուժածի մասին, ում այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: