Փարիզի դատախազությունն անձնական կյանքի իրավունքը խախտելու մեղադրանք է առաջադրել Closer ամսագրի երկու ղեկավարների եւ լուսանկարչին: Հանդեսը գրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի՝ իբր գոյություն ունեցող սիրավեպի մասին:

Ավելի վաղ դատարանը Closer ամսագրին արդեն մեղավոր էր ճանաչել Գայեի անձնական կյանքի իրավունքը խախտելու համար եւ որոշել դերասանուհուն 21 հազար դոլարի չափով փոխհատուցում տրամադրել:

BBC-ի փոխանցմամբ, հիմա խոսքը կոնկրետ լուսանկարի մասին է, որտեղ դերասանուհին պատկերված է իր ավտոմեքենայի ղեկին:

Դատախազությունը կարծում է, որ ավտոմեքենայի սրահը տիրոջ անձնական տարածությունն է, եւ մարդկանց մեքենայի ներսում լուսանկարն անձնական կյանքի ներխուժում է:

Հունվարին ամսագիրը տեղեկացրել էր, թե նախագահ Օլանդն արդեն երկու տարի սիրավեպ ունի Ժյուլի Գայեի հետ: Նաեւ Գայեի եւ Օլանդի լուսանկարներն էին հրապարակվել, ովքեր, իբր, առանձնաբար Փարիզի միեւնույն բնակարանն են գնում: