Աֆղանստանի նախագահական ընտրություններում ընտրողների 41.9% ձայնով առաջատարի դիրքում երկրի նախկին ԱԳ նախարար Աբդուլլա Աբդուլլան է: Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Անկախ ընտրական հանձնաժողովի ղեկավար Յուսուֆ Նուրիստանին:
РИА Новости-ի փոխանցմամբ, երկրորդ տեղում հիմնական մրցակից Աշրաֆ Գանին է՝ 37.6% ձայնով, երրորդ տեղում 9.8% քվեով Ռասուլ Զալման է: Ներկայում հաշվարկվել է 26 շրջանների քվեաթերթիկների 10%-ը:
Նախագահի ընտրություններում հաղթանակի հիմնական հավակնորդներ են համարվում երեք թեկնածու. տարբեր տարիներին երկրի ԱԳՆ-ն ղեկավարած Ռասուլ Զալման եւ Աբդուլլա Աբդուլլան, ինչպես նաեւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմաձայը: Աֆղանստանի ԿԸՀ տեղեկատվության համաձայն, քվեարկությանը մասնակցել է երկրի բնակչության ավելի քան 50%-ը՝ չնայած եղանակային վատ պայմաններին եւ Թալիբանի զինյալների կողմից սպառնալիքին:
Ընտրությունների հանդեպ համընդհանուր ուշադրությունը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ նոր նախագահն Աֆղանստանը ղեկավարելու է երկրից միջազգային կոալիցիոյի զինվորական ստորաբաժանումների վերջնական դուրսբերման նախաշեմին, որը ծրագրված է մինչեւ այս տարեվերջ: Նոր ղեկավարը լուծելու է ինքնուրույն պաշտպանության խնդիրը մի երկրի, որը համարվում է մոլորակի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը:




























