Չարտոնագրված ծրագրեր օգտագործող մի շարք հայաստանյան ընկերությունների գործեր գտնվում են ՀՀ ոստիկանությունում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Business Soft Alliance (BSA) կազմակերպության եւ Microsoft ընկերության շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերվում է առայժմ միայն Երեւան քաղաքի կենտրոնական տարածքում տեղակայված համակարգչային եւ խտասկավառակների խանութներին, ովքեր վաճառում են Microsoft ընկերության ծրագրերի ոչ լիցենզիոն տարբերակներ։
«Ընդհանուր առմամբ ոստիկանությունը, մեր դիմումի հիման վրա 10 խանութ է այցելել, որոնցից վեցը՝ խտասկավառակների խանութներ են, եւ նրանց պատճառած վնասի ընդհանուր չափը կազմել է 33 մլն դրամ»,- ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ մնացած չորսը համակարգչային խանութներ են, որոնց վնասի չափի մասին փորձագետի եզրակացություն դեռեւս չկա, եւ գործը գտնվում է ընթացքում։
Ըստ Մկրտչյանի՝ Microsoft ընկերությունը նախ բանակցում է նման ընկերությունների հետ, եւ այն ընկերություններին, որոնք օգտագործելով ծրագիրը, հրաժարվում են վճարել իրավատիրոջը, նախ սկզբում գրավոր ծանուցում է ուղարկում, այնուհետեւ արձագանք չստանալուց հետո նոր միայն դիմում է ոստիկանությանը։
Մկրտչյանը չցանկացավ հրապարակել այդ 10 ընկերությունների անունները՝ նախաքննության շահերից ելնելով։




























