Իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի արձագանքել` համաձայն է ապրիլի 10-ին Հայ Յեղափոխական դաշնակցության ներկայացրած յոթ կետից բաղկացած ծրագրին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Իշխանությունները դեռ չեն արձագանքել, սպասում ենք պատասխանի»,- ասաց նա:

Ավելի վաղ Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում, խոսելով կոալիցիա մտնելու մասին, հայտնել էր. «Բազմիցս ասել ենք, որ մենք քննարկում ենք ծրագրային հարցեր, կառավարության կազմ մտնելը կախված է նրանից` արդյոք իշխանությունները կհամաձայնվեն մեր ծրագրերի հետ, թե ոչ»:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ իրենք շարունակելու են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: