Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում: Այդ մասին ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է ՀՀԿ խորհրդի նիստում՝ դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին:
«Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս այս ուժեղ եւ հիմնավոր աջակցության համար: Շնորհակալ եմ նաեւ Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում»,- ասել է նա եւ հավելել. «Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ եւ հավատում եմ մեր հաջողություններին»:
Ըստ Աբրահամյանի, գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: «Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձեւավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար: Ակնկալում եմ նաեւ կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ»,- նշել է Աբրահամյանը:
Խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, ով շնորհակալությունէ հայտնել համատեղ աշխատանքի համար: «Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, եւ ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ եւ ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք եւ ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին:



























