Խարկովում գեորգիեւյան ժապավեններով մարդիկ ներխուժել են քաղխորհուրդ եւ շրջափակել շենքը: Այս մասին հաղորդել է տեղական լրագրողներից Սլավա Մավրիչեւը:
«Շենքի հետնամասից բառացիորեն մեկ րոպեի ընթացքում դուռը կոտրեցին, ներս մտան, բացեցին դարպասները, արդեն ներսում են»,- նշել է նա:
Լրագրողի խոսքով, ներկայում քաղխորհրդի մոտ մարդիկ կոչ են անում չցրվել, ցանկանում են նիստ անցկացնել, սակայն հայտնի չէ, թե ինչ հարցով:
«Այստեղ շուրջ 500 մարդ կա, յուրաքանչյուր երկրորդը՝ մահակով եւ դիմակով»,- «Украинская правда»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Մավրիչեւը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ռուսամետ ակտիվիստների եւ եվրամայդանականների ցույցերն ավարտվել են բախումներով: Կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Գեորգիեւյան ժապավենները կրում են ֆեդերալիզացիայի կողմնակիցները:
Ռուսական դրոշների ներքո ֆեդերալիզացիայի կողմնակիցների ցույցեր վերջին երկու օրերին անցկացվում են Ուկրաինայի արեւելյան մի քանի շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում: Ակցիաների մասնակիցները պահանջում են իրենց շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ երկիրը դաշնային պետության վերածել:




























