«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուրջ վերանայումների առաջ է կանգնած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանն եւ ՀՀԿ-ի՝ ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ կառավարության կազմ մտնելու առաջարկին:

Խոսելով ԱԺ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում՝  Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անկախ նրանից ով էլ նշանակվի կառավարության ղեկավար, ակնհայտ է, որ նշանակողը ՀՀԿ-ն է եւ վերանալով անձերից՝ որեւէ թռիչք երկրում հնարավոր չէ սպասել, քանի որ բոլոր դերակատարներին տեսել ենք, թե ինչպես են աշխատում: «Հետեւաբար, առանձնակի սպասումներ չեմ ունեցել, որեւէ կերպ չեմ վերաբերում  այդ նշանակմանը՝ անկախ անձից»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Ամեն դեպքում, «Ժառանգության» գլխավոր քարտուղարը Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում առաջարկվելու մեջ երկու գլխավոր շարժառիթ է տեսնում: Առաջինը, Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ, արտաքին  ֆինանսական քաղաքական խնդիր լուծելն է, ներդրումներ բերելը, որը Տիգրան Սարգսյանը չի կարողացել կատարել եւ ընդամենը վեր էր ածվել ճանապարհային քարտեզ գծող վարչապետի: Այս նշանակման երկրորդ շարժառիթը, նրա խոսքով, ԲՀԿ-ի հետ խնդիրները լուծելն է: «Այս առումով նկատելի է, որ ՀՀԿ-ի սպասումները ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ մտնելու ամենեւին պատահական չեն,  որքանով էլ այդ կուսակցությունը հայտարարել է, որ իր օրակարգում չկա նման հարց: ՀՀԿ-ն կարծում է  հետեւյալ կերպ, որ եթե ԲՀԿ-ն չմտնի էլ կոալիցիա, ապա չի էլ կարող կառավարությանը քննադատել այնպես, ինչպես նախկին կառավարության դեպքում էր դա անում: Իսկ եթե չի քննադատում  եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր էլ չի դնում, ինչպես ակնհայտ էր վերջին ամիսներին, շարունակում է գործել անորոշության մեջ կամ  վերանայում  է կոալիցիա չմտնելուիր որոշումը: Եթե չմտնի էլ ԲՀԿ-ն կոալիցիա, այդ ուժը իշխանության համար վտանգ չի ներկայացնի, սպասենք, տեսնենք, թե ԲՀԿ-ն ինչ որոշում կընդունի», -ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու դեպքում էլ  նրա գործողությունները կաշկանդող հանգամանքներ են ի հայտ գալու, որոնք քառյակում խնդիրներ են առաջացնելու, քանի որ օրակարգ ձեւավորելը դժվար է լինելու: Թե ինչ կլինի քառյակի ճակատագիրը, «Ժառանգության» գլխավոր քարտուղարը չցանկացավ ասել՝ խորհուրդ տալով սպասել ԲՀԿ-ի հայտարարությանը, միեւնույն  ժամանակ շեշտեց, որ ԲՀԿ-ն լուրջ վերանայումների առաջ է կանգնած: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Ստյոպա Սաֆարյանի խոսքով,  այդ ուժը սպասողական վիճակում է, իսկ  թե ինչի է սպասում, կտեսնենք առաջիկա 20 օր օրվա ընթացքում:

Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու առաջարկով դիմել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին եւ այժմ սպասում է նրանց պատասխանին: