Ուկրաինայի ֆեդերալիզացիայի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ Խարկովում գրանցված բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Շուրջ 10 մարդ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ»,- տեղեկացնում է գերատեսչությունը: Տուժածները թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խարկովում բախումների արդյունքում 10 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ ոստիկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ռուսամետ ակտիվիստների եւ եվրամայդանականների ցույցերն ավարտվել են բախումներով: Կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Գեորգիեւյան ժապավենները կրում են ֆեդերալիզացիայի կողմնակիցները:

Ռուսական դրոշների ներքո ֆեդերալիզացիայի կողմնակիցների ցույցեր վերջին երկու օրերին անցկացվում են Ուկրաինայի արեւելյան մի քանի շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում: Ակցիաների մասնակիցները պահանջում են իրենց շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ երկիրը դաշնային պետության վերածել: