Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության շուրջ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը փոխհամաձայնություն է ձեռք բերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Եթե վարչապետ է դարձել Հովիկ Աբրահամյանը, ապա ակնհայտ է, որ, վերակառուցման լեզվով ասած, փոխհամաձայնություն է ձեռք բերվել «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ: Պարզ է, որ նրա թեկնածությունը փաթեթային է»,- նշեց Քոչարյանը: Նրա խոսքով, «ընդհանուր թեմա կա նաեւ ՀՅԴ-ի հետ, որը կբացահայտվի ժամանակի ընթացքում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո հայտարարվել է Հայաստանի նոր վարչապետի անունը: Նոր կառավարությունը ղեկավարելու է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նիստերից հետո կայացած ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը նոր կառավարությունում համագործակցելու առաջարկ է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցություններին:




























