ԱՄՆ-ն պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում տիրող իրավիճակը շարունակվի: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

Ռուսամետ ակտիվիստները կիրակի գրավել էին Ռուսաստանի սահմանից 90 կմ հեռավորությամբ գտնվող Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի կառավարական շենքը: Ուկրաինայի անվտանգության ուժերը փորձել են հետ մղել քաղաքի ծայրամասերում բարիկադներ կառուցած ակտիվիստներին:

Փաուերի խոսքով, Ուկրաինայի վերջին իրադարձություններն «առաջին իսկ հայացքից վկայում էին Մոսկվայի մասնակցության մասին»:

Նա նաեւ հավելել է, որ Դոնեցկի շրջանի իրադարձությունները հիշեցնում էին Ղրիմի սցենարը: «Շարժումը պրոֆեսիոնալ է, համակարգված, եւ դրանում ոչինչ հակառակը չի փաստում: 6-7 քաղաքներում նույն բանն է կատարվում»,- նշել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Վաշինգտոնի պատժամիջոցներն արդեն արդյունք են տվել. ռուբլու փոխարժեքը ռեկորդային ցածր է, ռուսական արժեթղթերի շուկայի ինդեքսը նվազել է 20%-ով, իսկ ներդրողները հեռանում են երկրից:

«Նախագահը հասկացրել է, որ կախված Ռուսաստանի վարքագծից՝ կարող են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվել էներգետիկայի, բանկային եւ հանքարդյունաբերության ոլորտներում: Եթե վերջին օրերի իրադարձությունները շարունակվեն, պատժամիջոցները կտրուկ կաճեն»,- հայտարարել է Փաուերը: