ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մոսկվայի ժամանակով կիրակի լույս երկուշաբթի գիշերն արտակարգ հավաք է անցկացնելու՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է կառույցի աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ-ի շտապ դիտարկմանն է ներկայացնելու Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող ճգնաժամային իրավիճակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ռուսամետ ակտիվիստների եւ եվրամայդանականների ցույցերն ավարտվել են բախումներով: Կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Գեորգինյան ժապավենները կրում են ֆեդերալիզացիայի կողմնակիցները:
Ռուսական դրոշների ներքո ֆեդերալիզացիայի կողմնակիցների ցույցեր վերջին երկու օրերին անցկացվում են Ուկրաինայի արեւելյան մի քանի շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում: Ակցիաների մասնակիցները պահանջում են իրենց շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ երկիրը դաշնային պետության վերածել:




























