Տաջիկստանի հարավ-արեւելյան բնակավայրերում գետերի վարարման արդյունքում առաջացած ջրհեղեղը 14 մարդու մահվան պատճառ է դարձել:

«Դուշանբեից հարավ-արեւելք` 250կմ հեռավորություն վրա գտնվող Շուրոաբադի շրջանում աղետին զոհ են գնացել 13 մարդ, իսկ Վոսեյան շրջանում, որ նույն ուղղությամբ 190 կմ հեռավորություն ունի մայրաքաղաքից` մեկ մարդ»,-հայտնել է երկրի արտակարգ իրադրությունների կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, Շուրոաբադի շրջանում ամբողջությամբ շուրջ մեկ տասնյակ տուն է ավերվել, եւս հիսունը նշանակալի վնասներ են կրել: Վոսեյան շրջանի Տուգարակ բնակավայրում մասնակի ավերվել են 250 տներ, հսկայական վնաս է հասցվել ցանքատարածքներին:

Աղետի հետեւանքները վերացնելու նպատակով հատուկ հանձնաժողով է ձեւավորվել` երկրի կառավարության ղեկավարի տեղակալ Մուրոդալի Ալիմարդոնի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում եմ նաեւ Տաջիկստանի ՆԳ, առողջապահության, բնակչության սոցիալական պաշտպանության, տրանսպորտի նախարարները եւ արտակարգ իրադրությունների կոմիտեի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: