Սլավյանսկի «ժողովրդական աշխարհազորի» ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարյովը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Դոնբասում ստեղծված իրադրությանը միջամտելու խնդրանքով: Ինչպես ՌԻԱ-Նովոստի գործակալությունն է հաղորդում, այս կոչով Պոնոմարյովը հանդես է եկել քաղաքային վարչակազմի շենքում կազմակերպված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դիմում ենք Ձեզ հայրենիքի համար մղվող պայքարում աջակցելու խնդրանքով: Խնդրում ենք օգնել` պաշտպանելու մեր ընտանիքները, երեխաներին ու ծերերին: Խնդրում ենք անձամբ ուշադրություն դարձնել ստեղծված իրադրությանը»,-Պուտինին ուղղված դիմումի տեքստն է ընթերցել Պոնոմարյովը:

«Սա մեր պարզ պատասխանն է նրանց` մեր ժողովրդի նկատմամբ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքի համար»,-հայտարարել է Պոնոմարյովը, որպես բացատրություն առ այն, թե ինչու են աշխարհազորայինները գրավում ռեգիոնի քաղաքային վարչակազմի շենքերը:

Պոնոմարյովը նաեւ հայտնել է, որ քաղաքապետ Նելլյա Շտեպայի` բնակավայրը լքելու պատճառով բնակիչները պետք է նոր ղեկավար ընտրեն: Աշխարհազորայինների ղեկավարի խոսքերով, ընտրությունները տեղի կունենան քաղաքի գլխավոր հրապարակում` ժամը 16:00-ին:

Պոնոմարյովը պնդում է, որ դաշնայնացման կողմնակիցները ամբողջությամբ վերահսկում են Սլավյանսկը: Մասնավորապես, արգելափակված են քաղաքի բոլոր մուտքերը, ինչպես նաեւ վերահսկողության տակ է առնված տեղի գյուղատնտեսական օդանավակայանը: Բացի այդ, նրանց կողմն են անցել նաեւ երկրի` Սլավյանսկի շրջակայքում տեղակայված ՆԳՆ ստորաբաժանումները: