Ուկրաինան դեմ չէ երկրի արեւելքում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների հետ համատեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ հեռախոսազրույցում հայտնել է նախագահի ժ. պ. Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդում է Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրությունը:

Տուրչինովի խոսքերով, Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից Ղրիմում խաղարկված սցենարի ամբողջական կրկնություն է նկատվում:

«ՌԴ-ն մեր երկրի արեւելյան շրջաններն է ուղարկում հատուկ ստորաբաժանումներ, որոնք զենքի կիրառմամբ վարչակազմի շենքեր են գրավում եւ իրենց գործողություններով հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկում»,-ասել է նա, ընդգծելով, որ իրադրությունը Ղրիմում պատահածից մեկ բանով է տարբերվում` «այստեղ բնակչության մեծ մասը չի ցանկանում աջակցել անջատողականներին»:

Տուրչինովը հաղորդել է, որ երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ են նախաձեռնվել:

Բացի այդ, հիշյալ գործողությունների ընթացքում ուկրաինական ուժայինների քայլերի օրինաչափությունը համաշխարհային հանրության կողմից ցուցադրելու նպատակով, Տուրչինովն առաջարկել է Բան ԿԻ Մունին ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հետ միասին համատեղ գործողություններ իրականացնել:

«Մենք դեմ չենք լինի եւ կողջունենք, եթե ձեր օգնությամբ արեւելքում համատեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացվեն: Այդ պարագայում մասնագետները եւ դիտորդները կարող են մեր քայլերի օրինականությունը եւ օրինաչափությունը հավաստել»,-նախագահի խոսքերն է փոխանցել «Ուկրաինսկայա պրավդան»:

Իր հերթին, Բան Կի-Մունը նշել է, որ երկրի իշխանությունները ձեռնարկել են այն քայլերը, «որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում, եւ մասնավորապես` արեւելյան ու հարավային շրջաններում իրադրության կարգավորման համար»:

«Կարող եք վստահել մեզ, ինչպես գործընկերոջ: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի իրադրությունը հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով լուծվի»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը: