«Հայ ազգային կոնգրեսն ինչ-որ առանձին հայտարարում է, դա իրենց գործն է. մենք ամեն ինչ քննարկում ենք քառյակի նիստերի ժամանակ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:  

Հարցին՝ ՀՅԴ-ն համաձա՞յն է ՀԱԿ-ի այն տեսակետին, որ «չպետք է սպասել կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնեն նոր կառավարության նկատմամբ», Աղվան Վարդանյանը նորից պատասխանեց, որ իրենք ՀԱԿ-ի հայտարարությունը կքննարկեն քառյակի առաջիկա նիստում:

Ավելի վաղ Աղվան Վարդանյանն անդրադառնալով Կառավարության մաս կազմելու հավանականությանը, հայտարարել էր, որ իրենց համար կարեւորը ծրագրերն են եւ «կախված այն բանից, թե մեր առաջարկությունների որ մասը կընդունվի, դրանից էլ կբխի մեր վերաբերմունքը»:

Նշենք, որ շատ քաղաքագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով՝ ՀՅԴ-ն մտնելու է կոալիցիայի կազմի մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: