Փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը համոզված է, որ կոալիցիա չմտնելու դեպքում էլ ՀՅԴ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առճակատման չեն գնա իշխանությունների հետ: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«ՀՅԴ-ն կարծես թե բացասաբար չի տրամադրված կոալիցիա մտնելու վերաբերյալ, բացի դրանից դաշնակցությունը հավանության է արժանացրել Սահմանադրական բարեփոխումները, սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում: Ամեն դեպքում Դաշնակցությունը հակված չէ առճակատման գնալ իշխանությունների հետ: Կոալիցիա չմտնելու դեպքում էլ չի նշանակում, որ իշխանություններին դեմ կգնան: Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա նրանց հայտարարություններն էլ այնպիսին էին, որ նրանք չեն ցանկանում մտնել կոալիցիա, բայց էլի հաշվի առնելով տարբեր ներկայացուցիչների մեկնաբանությունները նոր վարչապետի վերաբերյալ, պարզ է դառնում, որ մեծ պրոբլեմ չեն տեսնում նոր վարչապետի անձի հետ, այսինքն խիստ հակադրվելու ճանապարհով չեն դժվար թե գնան: Շատերի համար նույնիսկ ընդունելի կերպար է, ասում են՝ վատ բան չեն կարող ասել: Հետեւաբար, կոալիցիա չմտնելու դեպքում էլ խիստ չեն հակադրվի նոր կառավարությանը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ իշխանությունները «մեսիջ» են ուղարկելու այս երկու կուսակցություններին, որից հետո արդեն պարզ կլինի նրանց վերջնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք բանակցում են ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























