ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «սուտասան տղա է», որովհետեւ մինչեւ ընտրվելը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել բոլոր աղմկահարույց ու ոչ աղմկահարույց գործեր, սակայն իմ նամակները անպատասխան են մնացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դավիթ Ծաղիկյանը, որին արդեն չորս տարի թույլ չեն տալիս տեսակցել 8-ամյա որդուն:

«Գլխավոր դատախազությունը հանցագործությունների մասին հաղորդումները չի ընդունում այն դեպքում, որ ԱԱԾ քննիչ Գոռ Միրզոյանը հայտարարում է, որ ինձնից փորձանմուշ են վերցրել եւ ըստ այդմ որոշել, որ երեխաս իմը չի, դրա համար թույլ չեն տալիս, որ երեխայիս տեսնեմ: Բայց ես հայտարարում եմ, որ ինձնից փորձանմուշ չեն վերցրել: Առանց փորձանմուշ վերցնելու հայտարարել են, թե երեխան իրենից չէ, իսկ թե երեխաս ումից է, երեխայի պապիկն ասում է, որ իրենից է սրվել»,- ասաց նա:

Դավիթ Ծաղիկյանի խոսքով` այս ամենի պատճառն այն է, որ երեխայի պապիկը ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Եսոյանն է, որը լավ հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ. «Ես կարող եմ պաշտոնապես հայտարարում եմ, որ Եսոյանները գործարքի մեջ են մտել Գլխավոր դատախազության եւ արդարադատության համակարգի աշխատողների հետ: Միայն փորձագետին 40 հազար դոլար են տվել դատագենետիկ փորձաքննությունը կեղծելու համար»:

Դավիթ Ծաղիկյանի որդին արդեն ութ տարեկան է, սովորում է Պուշկինի անվան դպրոցում, իսկ նրան դպրոց են բերում տատիկն ու պապիկը «փակ մեքենայով, ականջներին` նաուշնիկ»:

«Երեխայիս ամեն առավոտ գնում եմ հեռվից տեսնում եւ հետ գալիս: Երբեմն ստացվում է, որ թաքուն գնում եմ տեսնում: Երեխայիս սովորեցրել են նաեւ ինձ հայհոյել: Երբ մի անգամ կարողացա տղայիս առանձին տեսնել, ինձ ասաց, որ տատիկն ինձ կծեծի, եթե փողոցում քեզ չհայհոյեմ»,- ավելացրեց երեխայի հայրը:

Գործն այս պահին Եվրոպական դատարանում է: Վեց ամիս առաջ այն ընդունվել է վարույթ:

Նշենք, որ Դավիթ Ծաղիկյանը շուրջ չորս տարի պայքարում է իր երեխային վերադարձնելու համար: Նա համոզված է, որ Գլխավոր դատախազությունը ապօրինի թույլ չի տալիս տեսակցել իր որդուն: Երեխայի մայրը ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Եսոյանի դուստրն է: