Պեկինը չեղյալ է հայտարարել Լոնդոնի հետ մարդու իրավունքների հարցով բանակցությունները՝ ՉԺՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին Բրիտանիայի արտգործնախարարության զեկույցի հրապարակումից հետո, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք հիասթափված ենք, որ չինական կառավարությունը միակողմանի դադարեցրել է «Երկխոսությունը», որը նախատեսված էր ապրիլի 16-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: - Մենք չպետք է ասենք՝ ինչու է այն հետաձգվել: Այժմ համաձայնեցնում ենք նոր ժամկետներ»:
«Մարդու իրավունքների հարցով երկխոսություններ» երկօրյա բանակցությունները պետք է սկսվեին ապրիլի 16-ին՝ Բրիտանիայի մայրաքաղաքում: Պեկինը եւ Լոնդոնը դեկտեմբերին՝ ՉԺՀ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այցի ժամանակ պայմանավորվել էին վերսկսել պարբերական հանդիպումները:
Նշենք, որ ապրիլի 10-ին ներկայացված ԱԳՆ-ի ամենամյա զեկույցում ՉԺՀ-ն ընդգրկվել էր մարդու իրավունքների բնագավառում Լոնդոնի «մտահոգությունը հարուցող երկրների» ցուցակում:
ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել է, որ «պետությունների միջեւ երկխոսությունը պետք է իրականացվի իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»:
Նա նշել է, որ զեկույցում «ՉԺՀ-ի քաղաքական համակարգի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություն էր արվել, իսկ ՉԺՀ-ն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում անհիմն քննադատության էր ենթարկվել»:
«Այդ պատճառով էլ Չինաստանը խիստ դժգոհություն եւ բողոք է հայտնում: Բրիտանիան պետք է անմիջապես դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին քաղաքականությանը», - նշել է Հուա Չունյինը:




























