Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում սկսվել է երկրի իշխանությունների կողմից հայտարարված հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում  ուկրաինական ուժայինների կողմից իրականացվող հատուկ գործողությունը: Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը վկայակոչելով հաղորդում է ՈՒՆՆ գործակալությունը:

«Կրամատորսկում սկսվել եւ ընթացքի մեջ է ուկրաինական ուժայինների`  Տուրչինովի հայտարարած հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում  իրականացվող հատուկ գործողությունը, որին օժանդակություն են ցուցաբերում երկրի  զինված ուժերը: Ինչ մանրամասներին է վերաբերում, ապա դրանք հրապարակման ենթակա չեն:  Կոնկրետ արդյունքների առկայության պարագայում այդ մասին պաշտոնապես տեղեկություն կստանաք անվտանգության խորհրդից, իսկ զինված ուժերի ներգրավման վերաբերյալ տեղեկությունները, համապատասխանաբար, հասանելի կլինեն պաշտպանության նախարարության կայքում»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Ինչպես արդեն հաղորդվել է, Դոնեցկի մարզի տարածքում հակաահաբեկչական գործողություն է սկսվել: Այդ մասին Գերագույն Ռադայի հերթական նիստին հայտարարել էր երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: