Օտարերկրացիների համար Աբխազիայում անշարժ գույք ձեռք բերելու թույլտվություն ենթադրող օրինագիծը ներկա պահին դեռեւս մշակման փուլում է: Այս մասին ռուսական տեղեկատվական գործակալությունների թղթակիցներին տված հարցազրույցում հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
«Չենք կարող ակնհայտը չընդունել. պետության թիկունքում բնակարանային առքուվաճառքի ավելի քան երկու հազար գործարք է եղել: Անօրինական գործարքներ` բառից բխող բոլոր հետեւաքներով, այդ թվում` քրեական բնույթի: Մեր խնդիրը նրանում է կայանում, որ վերացնենք «սեւ» շուկան եւ, միեւնույն ժամանակ, օգուտ քաղենք,-ՌԻԱ-Նովոստիի վկայակոչմամբ, նշել է Անկվաբը:
Հարցին, թե արդյոք նոր օրինագծի մշակման ընթացքում հաշվի է առնվում այլ երկրների` իրավունքների եւ տեղական բնակչության շահերի պաշտպանության ոլորտում ձեռք բերած փորձը, Անկվաբը դրական պատասխան է տվել:
«Իհարկե` հաշվի է առնվում: Եվ պաշտպանական մեխանիզմներ են մշակվում: Այդ նպատակով առաջարկում ենք բնակարանների առաջնային շուկայում առանց քաղաքացիություն ստանալու գնումներ կատարելու թույլտվություն տալ: Այդպիսով, ռուսաստանցին կարող է օրինական հիմքերով բնակարան ձեռք բերել, տիրապետել եւ տնօրինել այն: Միեւնույն ժամանակ նրա հանդեպ չեն տարածվի Աբխազիայի քաղաքացու այլ իրավունքներն ու պարտականությունները»,-ասել է երկրի նախագահը: Նրա խոսքերով, տարօրինակ է, որ ներկայիս օրենսդրությամբ օտարերկրացին կարող է «ասենք` հյուրանոց ձեռք բերել, բայց ոչ` բնակարան»:
«Համոզված եմ, որ տեղական բնակչության իրավունքները ռուսաստանցու` բնակտարածք ձեռք բերելու արդյունքում չեն ոտնահարվի: Այլ բան է հողային հարցը: Գիտեք, որ մեր երկիրը սակավահող է: Հենց այդ պատճառով էլ աբխազական հողը ապրանք չի հանդիսանում, այն չի կարող գնել ոչ օտարերկրա քաղաքացին, ոչ էլ Աբխազիայի որեւէ բնակիչ: Թույլատրվում է միայն դրա վարձակալությամբ օգտագործումը: Դա եւս պաշտպանական մեխանիզմներից մեկն է»,-ամփոփել է նախագահը:




























