Միացյալ Նահանգներն արձակում են Թուրքիայի ձեռքերը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ անամոթ պայքարում: Ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` վերլուծելով համաշխարհային քաղաքական գործընթացների ժամանակակից տենդենցները:
Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրումը Միացյալ Նահանգների աչքերում Անկարայի նշանակության բարձրացման է բերում: «Եվ պետք է ասել` Թուրքիան ճիշտ գնահատեց պահը` փորձելով առավելագույն օգուտները քաղել»,-նշել է արեւելագետը, հավելելով, որ ասվածի պայծառ օրինակ են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի նախագծի ընդունմանն առնչվող վերջին իրադարձությունները: Իսկ ավելի կոնկրետ, ինչպես Սաֆրաստյանն է ուշադրություն դարձրել, քվեարկությունից մի քանի օր անց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները անսպասելի այցելությամբ Թուրքիա է ժամանել:
Անկարայում նա Թուրքիայի ղեկավարությանը հավաստիացրել է, որ բանաձեւն ապագա չունի, քանի որ պատմություն գրելը ԱՄՆ Կոնգրեսի գործառույթների մեջ չի մտնում: «Այսպիսով, ակնհայտ դարձավ, որ տվյալ այցը Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ինտենսիվ առեւտրի արդյունք էր, ինչի հետեւանքով Թուրքիան ցանկալի երաշխիքները ստացավ առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հետագա զարգացում չի ստանալու»,-ամփոփել է արեւելագետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծ է ընդունել:




























