Apple-ի արբանյակը տարօրինակ արարած է հայտնաբերել Լոխ-Նեսս լճի հարավային ափերի մոտ գտնվող Դորաս գյուղի մերձակայքում: Ստացված լուսանկարները հասանելի են դարձել iPad-ի եւ iPhone-ի օգտատերերի համար, որոնց շարքում առասպելական հրեշի «որսորդներ» եւ երկրպագուներ են եղել:
Լուսանկարները, մասնավորապես, հրեշի որոնմամբ զբաղվող օգտատերերն են նկատել, որոնք պարբերաբար դիտարկում են արբանյակներից ստացված լուսանկարները` առասպելական կենդանու գոյության ապացույցներ ձեռք բերելու նպատակով:
Նեսսի որսորդներից մեկը` Էնդի Դիքսոնը, պատմել է, որ լրիվ պատահական է լուսանկարն աչքի անցկացրել ու, բացահայտումից շշմած, անմիջապես ակումբակից Գերի Քեմփբելին է զանգել: Նա ասել է, որ առաջին անգամ է Նեսսիի գոյության «փաստացի վկայություն» տեսնում:
«Որսորդներին», այնուամենայնիվ, տարօրինակ է թվում, որ միայն Apple-ի արբանյակն է կարողացել «որսալ» հրեշին:




























