Ամերիկացի մի անչափահաս Քալիֆորնիա նահանգից Հավայան կղզիներ է թռել` թաքնվելով ուղեւորատար ինքնաթիռի` շասսիի համար նախատեսված խցում:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, Սանտա-Կառլա քաղաքի 16-ամյա բնակիչը, որի անունը չի հիշատակվում, Սան-Խոսե օդանավակայանի թռիչքուղի է ներթափանցել եւ թաքնվել կայանված` «Հավայան ավիաուղներին» պատկանող ուղեւորատար ինքնաթիռի` շասսիի համար նախատեսված խցում: Ինքնաթիռն այնուհետ, շուրջ 5 ժամ օդում գտնվելուց հետո, վայրէջք է կատարել Մաուի կղզում, որտեղ օդանավից վայր թռչող երիտասարդին նկատել են կայանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու կալանքի տակ առել: Դաշնային բյուրոյի ներկայացուցիչները հարցաքննել են տղային եւ, մեղադրանք չներկայացնելով, բաց թողել:
Չնայած 10 հազար մ բարձրությամբ երկարատեւ թռիչքին եւ ցածր ջերմաստիճանին, անչափահասը, բժիշկների համոզմամբ, առողջ եւ անվնաս է մնացել: Հաղորդվում է, որ նա այդ քայլին է դիմել ընտանեկան վիճաբանությունից հետո, Associated Press-ին վկայակոչելով տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


























