Երեւանում օրերս տեղի է ունեցել «Գենդերային հավասարություն. Տեսությունից մինչեւ իրականություն» սեմինարը, որին մասնակցել են 30 երիտասարդների աշխարհի 12 երկրներից:

Երիտասարդները ոչ ֆորմալ կրթության շրջանակներում քննարկել են գենդերային անհավասարության, սեռերի տարբերության պատճառով առաջացող խնդիրները, փորձեցին պարզել, թե որքանո՞վ է թեման արդի իրենց երկրներում, եւ ի վերջո առաջարկեցին առկա խնդիրների հավանական լուծումներ:

Սեմինարի մասնակիցները բավականին պատրաստված, թեմային ծանոթ եւ դրանում հետաքրքրված երիտասարդներ էին, ովքեր իրենց երկրներում ակտիվորեն ներգրավված են հասարակական գործունեության մեջ:

Սեմինարի ընթացքում, որը կազմակերպվել էր Երիտասադական Շունչ (Youth Breath) ՀԿ-ի կողմից` Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ հետ համագործակցությամբ, մասնակիցներին մեծ հնարավորություն էր ընձեռնվել քննարկել թեմայի տարբեր ասպեկտները համախոհների հետ: Քանի որ թեման շատ արդի է մեր օրերում, եւ տարբեր երկրներում այն շոշափելի է ամենատարբեր մակարդակներով, սեմինարի մասնակիցները մեծ հնարավորություն ունեցան քննարկելու դրա տարբեր դրսեւորումները իրենց հասարակություններում, կարծիք փոխանակեցին գենդերային անհավասարության պատճառների վերաբերյալ, եւ, վերջապես, ծանոթացան հյուրընկալող երկրի` Հայաստանի իրավիճակին:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները նաեւ այցելեցին Pink Armenia եւ Հասարակություն Առանց Բռնության հասարակական կազմակերպություններ, որտեղ ավելի մանրամասն եւ խոր տեղեկատվություն ստացան գենդերային խտրականության, ընտանեկան բռնության եւ այլ խնդրահարույց թեմաների շուրջ:  Ակտիվ քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում «գենդեր» բառի սխալ ընկալման պատճառով առկա լարվածության եւ անհանդուրժողականության վերաբերյալ: 

Հասարակություն Առանց Բռնության ՀԿ այցելության շնորհիվ ավելի պարզ դարձան ընտանեկան բռնության տարբեր պատճառները, խնդրի առկայության եւ դրանք թաքցնելու դրդապատճառները եւ հատկապես կանանց նկատմամբ բռնության դրսեւորումները:

Սեմինարի շրջանակներում թեմային խորը ծանոթանալուց բացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալ հայկական մշակույթին, ավանդույթներին եւ հարուստ պատմությանը` այցելելով Գառնու տաճար եւ Գեղարդավանք:

Սեիմինարի հիմնական նպատակն էր բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել մասնակիցներին թեմայի շուրջ ոչ ֆորմալ կրության մեթոդներով եւ հասարակական ակտիվ կյանք վարող երիտասադներին կրթել հանուն առողջ, անվտանգ եւ խտրականություններից զերծ հասարակության ձեւավորման: