Ճապոնական Hitachi Ltd էլեկտրատեխնիկայի խոշոր արտադրողն այսօր՝ ապրիլի 21-ին, ներկայացրել է իր նոր մշակումը՝ աշխարհում ամենաարագ վերելակը, որն ունակ է մինչեւ 72 կմ/ժամ արագություն զարգացնել: Այն կարող է առաջին հարկից բարձրանալ 95-րդ հարկ ըդամենը 43 վայրկյանում:

Մինչ այդ ամենաարագը համարվում էր թայվանական վերելակը, որի առավելագույն արագությունը 60,6 կմ/ժամ է:

Hitachi-ի մասնագետների խոսքով՝ նոր վերելակի բարձր արագությանը հնարավոր է եղել հասնել առավել հզոր շարժիչի եւ առավել թեթեւ պարանների օգտագործման շնորհիվ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK-ն:

Նոր սարքը կսկսեն օգտագործել  հաջորդ տարվանից՝ Գուանչժոու քաղաքում կառուցվող 111 հարկանի շենքում, որի բարձրությունը 530 մետր է լինելու:

Hitachi-ն պլանավորում է իր նորույթը վաճառել չինական շուկայում, քանի որ այդ երկրին է բաժին ընկնում վերելակների պահանջարկի 60 տոկոսը: