«Երեւակայության գավաթ» համաշխարհային մրցույթին այս տարի եւս Հայաստանը կմասնակցի։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Microsoft հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ ավելացնելով, որ «Երեւակայության գավաթ» հայաստանյան մրցույթին մասնակցելու հայտերը արդեն ընդունվում են եւ կշարունակվեն ընդունվել մինչեւ 2010թվականի մայիսի 14-ը։

Ըստ Բարսեղյանի՝ «Երեւակայության գավաթ» մրցույթը տեղական ավանդական մրցույթներից էականորեն տարբերվում է նրանով, որ բոլոր տեղական ուսանողական օլիմպիադաների եւ մրցույթների ուշադրությունը հիմնականում սեւեռված է տեխնիկական լուծման վրա, իսկ այս մրցույթում գնահատման սկզբունքներն այլ են. թիմերը գնահատվում են երեք չափորոշիչներով՝ գաղափար, տեխնիկական լուծում եւ ներկայացման հմտություններ։

"Հայ ուսանողները բավականին լավ տեխնիկական լուծումներ են առաջարկում, սակայն դեռեւս թերանում են դրանց ներկայացման գործում, իսկ ժամանակակից ՏՏ բիզնեսում ոչ միայն տեխնիկական լուծումն է կարեւոր, այլ կարեւոր է նաեւ դրա ճիշտ ներկայացնելը։

Նշենք, որ Հայաստանը այս տարի մրցույթին կմասնակցի արդեն երրորդ անգամ։ Հայաստանյան մրցույթում հաղթող թիմը կորոշվի մայիսի 20-ին, եւ կմասնակցի «Երեւականության գավաթ» միջազգային մրցույթին, որն այս տարի կանցկացվի Լեհաստանում։

Տեղեկացնենք, որ Երեւակայության գավաթը «Մայքրոսոֆթ» տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին՝ կիրառելու իրենց երեւակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ եւ կարեւոր խնդիրների լուծմանը: Մրցույթն անցկացվում է արդեն ութ տարի: Անցյալ տարի տեղի ունեցած մրցույթին մասնակցել են ավելի քան 300 հազար ուսանող՝ 142 երկրներից: