Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը, Աբդուլլա Գյուլը եւ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի սկզբներին Թբիլիսիում հանդիպում կունենան:

Մայիսի առաջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ անվտանգության հարցերով գագաթաժողով կկազմակերպվի: Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Առաջինը, որ շատ մեծ կարեւորություն կունենա մեր երկրի ու տարածաշրջանի համար, մայիսի սկզբներին կայանալիք հենց անվտանգության հարցերով գագաթաժողովն է, որին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ներկա կգտնվեն: Մենք էներգետիկային վերաբերող հարցեր կքննարկենք»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:

«Շատ կարեւոր է նաեւ այն քաղաքականությունը, որ Եվրոպայի հետ ինտեգրման ուղղությամբ ենք վարում: Մենք շատ գործնական մոտեցում ունենք Վրաստանում ծավալվող գործընթացների նկատմամբ»,-հավելել է նախագահը: