Եթե ընտրական համակարգը գործում է, ապա կառավարման եւ կիսանախագահական, եւ խորհրդարանական մոդելները հրաշալի կաշխատեն, Սահմանադրական բարեփոխումների կարիք չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ ինքը համաձայն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետի հետ:   

«Ես համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ Սահմանադրական բարեփոխումների կարիք ընդհանրապես չկա: Եթե ընտրական համակարգը գործի, ապա կառավարման ցանկացած մոդել ընդունելի կլինի: Եթե չկա, ապա նշանակություն չունի, թե ինչ համակարգ է»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցում ենթատեքստ կա, Գիմիշյանը նշեց. «Ես կարող եմ միայն ենթադրություններ անել, որ ենթատեքստ կա կապված երկրի բռնած ուղու հետ, մասնավորապես Մաքսային միության, Եվրոասոցացման պայմանագրի հետ, որտեղ շահերը կարող են որոշակիորեն տարբերվել, մոտեցումները տարբերվել, սակայն չեմ ցանկանում գնահատական տալ»:

Մամուլում տարածված մեկնաբանություններին, թե Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվելով՝ Քոչարյանը ցանկանում է իշխանության գալ, Գիմիշյանը համաձայն չէ. «Միեւնույնն է՝ ոչ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ապագայում չեն կառավարի: Իրենք իրենց աշխատանքն արել են, գնահատականները լավը չեն: Միայն իրենցով չէ երկիրը: Վերջ ի վերջո հայաստանցիներն էլ պիտի կառավարեն այս երկիրը: Այնուամենայնիվ, եթե կառավարման մոդելը փոխվի, ապա Քոչարյանը հաստատ շանս չի ունենա»:

Նշենք, որ 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահը դեմ էր արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես նշելով. «Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել»: