Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է ուժայիններից վերսկսել հակաահաբեկչական միջոցառումները: Այս մասին ասվում է նրա հայտարարությունում, որը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 22-ի երեկոյան:
«այսօր Սլավյանսկի մոտ հայտնաբերվել են գազանաբար խոշտանգված երկու մարդկանց մարմիններ: Նրանցից մեկը եղել է Գորլովի քաղաքային խորհրդի անհետացած պատգամավոր, «Բատկիվշչինա» կուսակցության անդամ Վլադիմիր Ռիբակը, որին նախօրեին առեւանգել էին ահաբեկիչները»,-ասված է հայտարարությունում:
«Ահաբեկիչները պատանդ էին վերցրել փաստացի ողջ Դոնեցկի շրջանը, անցել էին սահմանը, սկսելով խոշտանգել ու սպանել Ուկրաինայի հայրենասերներին: Նրանք կտրուկ մարտահրավեր են նետել ոչ միայն մեր երկրին, այլեւ ողջ միջազգային հանրությանը, երբ ցուցադրաբար ծաղրել են Ժնեւում ընդունված որոշումները: Այդ հանցագործությունները կատարվում են Ռուսաստանի ամբողջական աջակցությամբ եւ թողտվությամբ»,-ասել է Տուրչինովը:
«Ես պահանջում եմ ուժային կառույցներից վերսկսել եւ արդյունավետորեն իրականացնել հակաահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են երկրի արեւելքում բնակվող ուկրաինացի քաղաքացիներին ահաբեկիչներից պաշտպանությանը»,-հայտարարել է Տուրչինովը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դադարեցրել էր հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը՝ կապված Սուրբ Զատիկի տոնակատարությունների հետ:




























