Այսօր` մայիսի 3-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին:

Հիշեցնենք, որ վարչապետը 2009 թվականի նոյեմբերին «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում այցելել էր «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր եւ ծանոթացել նրա ծրագրերին ու հնարավորություններին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ՏՏ եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Որպես համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղություններ` զրուցակիցները կարեւորել են Հայաստանում Plug and Play ընկերության մասնաճյուղի բացումը եւ գործունեության կազմակերպումը: Առանձնակի կարեւորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցչության հիմնադրման ծրագրին: Ծրագրի նպատակն է` խթանել հայ-ամերիկյան համագործակցությունը ՏՏ ոլորտում եւ լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների, պատվերների ներգրավման, ինչպես նաեւ արտադրանքի իրացման համար:

Փոխադարձաբար ընդգծվել է, որ ՏՏ ոլորտի մասնագետների եւ ընկերությունների երկկողմ հանդիպումների կազմակերպումը կարող է նպաստել կապերի սերտացմանը:

Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրենն անհրաժեշտ է համարել կրթության ոլորտում համագործակցության խորացումը: Նա կարեւորել է մասնավորապես Սթենֆորդի համալսարանի հետ ուսանողների փոխանակման ծրագրերի համար պլատֆորմի ձեւավորումը: