Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) շարունակելու է ստուգումները Իրանի ատոմային ծրագրում:

Ինչպես ՄԱԿ-ում ընթացող խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն, «ստուգումները կընթանան այնքան ժամանակ, քանի դեռ չի հստակեցվել, որ Իրանն այլ նպատակների համար չի օգտագործում իր ատոմային նյութերը»: Նրա խոսքով, փորձագետներին դեռ չի հաջողվում հաստատել Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Ամանոն նաեւ նշել է, որ Իրանը բավարար չափով չի համագործակցում ԱԷՄԳ -ի հետ:

Միեւնույն ժամանակ Ատոմային զենքի չտարածման պայմանագրի խորհրդաժողովում Իրանն ու ԱՄՆ-ը կրկին լեզվակռվի մեջ են մտել: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը լքել է դահլիճը, երբ Ահմադինեջադը կտրուկ կերպով ԱՄՆ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ: Իրանի նախագահը նաեւ առաջարկել է ԱՄՆ-ին հեռացնել ԱԷՄԳ ղեկավար կազմից: