Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում մեծաքանակ ուկրաինական զորքերի կենտրոնացման, եւ ուժայինների ու ծայրահեղականների կողմից Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների խաղաղ բնակիների դեմ իրականացվող օպերացիայի ակտիվ փուլի մեկնարկի հետեւանքով Ռուսաստանի Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների գումարտակային եւ տակտիկական խմբերը սկսել են Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում ուսումնավարժանքներ իրականացնել: Այս մասին ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստից առաջ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Ուկրաինայում ստեղծված իրադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ապրիցի 22-ից երկրի հարավ-արեւելյան շրջաններում իրականացվող գործողությունների այսպես կոչված ակտիվ փուլն է սկսվել: Արդեն առաջին զոհերը կան»,-տեղեկացրել է պաշտպանության նախարարը:

Բանակի գեներալի խոսքով, «խաղաղ բնակիչների դեմ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն են գործում, ինչպես նաեւ «Աջ հատվածի» ծայրահեղականների գումարտակները: Սկսվել է «Դոնբաս» գումարտակի ձեւավորումը: Խաղաղ բնակչության ելույթների ճնշման համար Դոնեցկ եւ Լուգանսկ են բերվել նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայության եւ ՆԳՆ ստորաբաժանումներ: Զինված ուժերի կազմից  գործողություններին մասնակցում են երկրի արեւմուտքից բերված 17-րդ տանկային եւ 24-րդ մեքենայացված բրիգադները, ինչպես նաեւ դիվերսիոն գործողությունների համար նախատեսված մոտոմանյովրային խմբեր»:

«Մենք պարտավոր ենք արձագանքել իրադրության նմանատիպ զարգացմանը»,-հայտարարել է պաշտպանության նախարարը: