«Արեւելյան գործընկերությունը» ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Չեխիայում Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ նշել է.
«Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:
Անցած հինգ տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ եւ արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:
Արեւելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջեւ կապերը եւ փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձեւավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:
Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արեւելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արեւելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ:




























