Ուկրաինայի իշխանությունները ՌԴ-ից պահանջում են դադարեցնել երկրի ներքին կյանքին միջամտությունը, վերջ տալ շարունակական սպառնալիքներին եւ հեռացնել երկրի արեւելյան սահմանների մոտ տեղակայված զորքերը: Այս մասին իր ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

«Հակաահաբեկչական գործողությունները ամբողջովին վերականգնվել են եւ իրականացվում են ահաբեկչական սպառնալիքների վերացման եւ Ուկրաինայի խաղաղ բնակիչների պաշտպանության նպատակով: Բայց ՌԴ-ն համակարգում եւ բացահայտ աջակցություն է ցուցաբերում մարդասպան ահաբեկիչներին, որոնք զենքը ձեռքին սպառնալիք են ստեղծում երկրի արեւելյան շրջաններում»,-հայտարարել է Տուրչինովը:

«Առանց որեւէ հիմնավորման Ռուսաստանի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս հանդուգն կերպով Ուկրաինայի ներքին գործերին միջամտել: Ռուսաստանը պետական մակարդակով ահաբեկչությանը աջակցություն է ցուցաբերում մեր երկրում: Իսկ այժմ, ուկրաինական ուժայինների հաջող գործողություններից հետո, հրապարակային սպառնալիքներից երկրի արեւելյան սահմանին ԶՈւ ցուցադրական կենտրոնացման է անցել»,-ասել է Տուրչինովը:

«Ուզում եմ հավաստիացնել, որ չենք ընկրկելու ահաբեկչական սպառանալիքի առաջ, եւ այսուհետ էլ քայլեր ենք ձեռնարկելու մեր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ: ՌԴ-ից պահանջում ենք դադարեցնել երկրի ներքին կյանքին միջամտությունը, վերջ տալ շարունակական սպառնալիքներին եւ շանտաժին, ու հեռացնել երկրի արեւելյան սահմանների մոտ տեղակայված զորքերը»,-ներկայացված պահանջն է ամփոփել Տուրչինովը: