Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երեւան է ժամանել մասնավոր այցով, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաեւ «Մենք հիշում ենք» կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Պատրիկ Մալաքյանը Երեւանի հ. 128 դպրոցում ներկա են եղել ծրագրում ընդգրկված միջոցառումներից մեկին։
«Ողջունելի է, որ հանդիպումներն սկսել եք հատկապես դպրոցներից. որպես հայկական՝ աշխարհում ամենակայացած համայնքներից մեկի ներկայացուցիչ, այն էլ՝ նման հարուստ կենսագրությամբ, վստահ եմ՝ Դուք շատ օգտակար ասելիք ունեք մեր դպրոցականներին։ Ֆրանսահայ համայնքը տվել է կարկառուն ներկայացուցիչներ արվեստի, գիտության բնագավառներում, ովքեր հեղինակություն են բերել հայ ազգին ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ ողջ աշխարհում։ Հպարտ ենք Անրի Վերնոյով, ով համաշխարհային նշանակության արվեստագետ է, կինոռեժիսոր եւ ում ստեղծագործությունների մեջ, անգամ եթե ոչ ուղիղ կերպով, ապա գոնե հպանցիկ հայի հոգին առկա է»,- նշել է Արամ Սուքիասյանը եւ հավելել, որ հոկտեմբերին՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան օրը, ծրագրված է Երեւանում բացել նրա անունը կրող փողոցը։ Հանդիսավոր արարողությաը մասնակցելու են Անրի Վերնոյի զավակները, հարազատները։
«Ինձ համար շատ կարեւոր էր գալ Հայաստան եւ հենց այս օրերին լինել Հայաստանում։ Ինձ Հայաստան է բերել իմ սիրտը։ Այսուհետ Երեւանում հաճախ եմ լինելու. իմ հաջորդ այցին պատրաստվում եմ հայերեն խոսել եւ ստեղծագործական ծրագրեր էլ ունեմ այստեղ»,- ասել է Պատրիկ Մալաքյանը։
Երեւանի կինոսրահներից մեկում Պատրիկ Մալաքյանը աշակերտների եւ ուսուցիչների հետ միասին նաեւ «Մայրիկ» ֆիլմն է դիտել հայերեն թարգմանությամբ, ապա զրուցել ներկաների հետ ֆիլմի եւ առհասարակ Անրի Վերնոյ կինոռեժիսորի ստեղծագործական կյանքի մասին։ Հանդիպմանը մասնակցել են Երեւանի տարբեր դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտներ։




























