Շվեյցարական KERBEDANZ ընկերության նախաձեռնությամբ Հայաստան են ժամանել շվեյցարական CONCEPTO Watch Factory ընկերության հիմնադիր տնօրեններ Ժան Պիեռ Ժակեն եւ Վալերիեն Ժակեն, որոնք այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ:

KERBEDANZ ընկերության հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում KERBEDANZ ընկերության տնօրեն, Շվեյցարիայի ժամագործական մարքեթինգի համալսարանի ռեկտոր Կալուստ Զորիկը ներկայացրել է CONCEPTO Watch Factory-ի հետ համագործակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում ժամագործության ոլորտի զարգացմանը: Կալուստ Զորիկի խոսքով, այս երկու ընկերությունները միասին աշխատում են շուրջ երեք տարի եւ այդ փոխգործակցության շրջանակում CONCEPTO Watch Factory-ին մեխանիզմներ է պատրաստում KERBEDANZ-ի կողմից նախագծված ժամացույցների համար: Այժմ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը երկու հիմնական ուղղությամբ: Ինչպես նշել է KERBEDANZ-ի տնօրենը, առաջին հերթին փորձ է արվելու CONCEPTO Watch Factory-ի տեխլոլոգիաները բերել Հայաստան, որպեսզի հայաստանցի մասնագետների կողմից պատրաստվեն ժամացույցների մեխանիզմների մասերը:

«CONCEPTO Watch Factory-ին ժամացույցի մեխանիզմներ արտադրող առաջատար ընկերություններից է, որի հետ համագործակցում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Graff-ը, Bvlgari-ին, Louis Monnet-ը: Ցանկանում ենք, որպեսզի  ընկերության մեխանիզմների մասերի արտադրություն հիմնադրվի Հայաստանում, քանի որ այստեղ առկա են այդ հնարավորությունները եւ ներուժը, եւ CONCEPTO Watch Factory-ի հիմնադիր տնօրեններն ինձ հետ համամիտ են:  Մեր ծրագրերի իրականացումը, վստահ եմ, կարող է նաեւ հիմք հանդիսանալ Հայաստանում ժամագործական արդյունաբերության ստեղծման եւ զարգացման համար», - նշել է Կալուստ Զորիկը:

Համագործակցության մյուս ուղղությունը, ըստ KERBEDANZ ընկերության տնօրենի, Հայաստանում ժամագործության նախապատրաստական դպրոցի ստեղծումն է, քանի որ հանրապետությունում կա ոլորտի բարձրակարգ մասնագետների պակաս:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, ողջունելով շվեյցարացի հյուրերի ծրագրերը, նշել է, որ ժամագործությունը ՀՀ կառավարության կողմից  հռչակվել է գերակա ուղղություններից եւ այդ առումով շվեյցարական ժամագործական ընկերությունների համատեղ ծրագրերը  կարող են կյանքի կոչվել նաեւ պետական աջակցությամբ, քանի որ կառավարությունն ունի համապատասխան գործիքակազմ:

Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպումից առաջ CONCEPTO Watch Factory ընկերության ղեկավարներն այցելել են KERBEDANZ-ի հայաստանյան մասնաճյուղ, ծանոթացել արտադրական գործընթացներին:

Ինչպես նշել է KERBEDANZ-ի համահիմնադիր Արամ Պետրոսյանը, հայաստանյան մասնաճյուղը հիմնականում զբաղվում է ռազմավարության մշակմամբ, դիզայնով եւ կոնցեպտուալ նախագծերով: «Հայաստանում ձեւավորվեց դիզայներների խումբ, որը շատ հետաքրքիր եւ միաժամանակ շատ խիզախ ժամագործական լուծումներով է հանդես գալիս: Նշեմ, որ շվեյցարական ժամագործական ընկերությունները նման խիզախությունից խուսափում են, քանի որ հավատարիմ են ժամագործության իրենց դասական ավանդույթներին: Սա է մեր հիմնական առանձնահատկությունը: Իսկ CONCEPTO-ն, կարելի է ասել, այն եզակի ընկերություններից է, որոնք ինքնուրույն են արտադրում ժամացույցի ամբողջական մեխանիզմներ, չեն պատվիրում առանձին մասեր այլ արտադրողների մոտ: Ընդ որում CONCEPTO ընկերությունը ստեղծում է չափազանց բարդ մեխանիզմներ, եւ մենք, առաջին հերթին, ցանկանում ենք հիմնադրել ժամացույցի մասերի արտադրություն Հայաստանում CONCEPTO-ի մեխանիզմների համար:», - նշել է Արամ Պետրոսյանը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, KERBEDANZ եւ CONCEPTO Watch Factory ընկերությունների ղեկավարները նշեցին, որ առկա են դրական մի շարք նախադրյալներ համագործակցությունը խթանելու, նախանշված  ծրագրերը կյանքի կոչելու համար: Կողմերը հատկանշել են, որ երկու ընկերություններին միավորում է այն միտքը, որ ժամացույցն ավելի է, քան պարզապես մեխանիզմ՝ ժամը ճշտելու համար: