Անհապաղ մահապատժի մորատորիում մտցնելու կոչով Բելառուսի իշխանություններին է դիմել ՄԱԿ-ի` այդ երկրում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցող Միկլոշ Հարաստին:

Նրա հայտարարության համար պատճառ են հանդիսացել ստացված տեղեկություններն առ այն, որ Բելառուսում սպանությունների համար մահապատժի է ենթարկվել Պավել Սելյունինը, իսկ մեկ այլ` կրկին սպանությունների համար ամբաստանյալի աթոռին հայտնված մեղադրյալի` Էդուարդ Լիկովի նկատմամբ մահվան դատավճիռը անցած շաբաթ Գերագույն դատարանի կողմից անփոփոխ է թողնվել:

Հատուկ զեկուցողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2012թ. դեկտեմբերին Բելառուսում մահապատժի հարցերով խորհրդարանական խմբի ստեղծումը «հուսադրող իրադարձություն» էր դարձել: Սակայն, ընդգծել է նա, «Սելյունինը մահապատժի է ենթարկվել` չնայած այն հանգամանքին, որ նրա ներկայացրած բողոքը մինչ այժմ քննության է առնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի կողմից»:

Փորձագետի համոզմամբ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, թե ինչ հանգամանքներում է Բելառուսում մահապատիժ իրականացվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հասանելի չեն իրականացված մահապատիժների վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալները, անհայտ են մնում մահապատժի ենթարկված մարդկանց անունները: Ոչ պատժի սպասողները, եւ ոչ էլ նրանց հարազատները չեն տեղեկացվում դատավճռի իրականացման ամսաթվի մասին, իսկ մահապատժից հետո նրանց  գերեզմանի տեղը հարազատներին չեն հայտնում»,- հավելել է Հարաստին: Նա ընդգծել է, որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ դեռեւս մահապատիժ է կիրառվում: