Հայտնի գերմանացի ավտոարշավորդ Միխաել Շումախերը նախորդ տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ դուրս է եկել դեղամիջոցային կոմայի վիճակից:

45-ամյա մարզիկի մենեջեր Սաբինա Քեմի խոսքով, նրա առողջությունը աստիճանաբար բարելավվում է: Շումախերը նույնիսկ սկսել է կնոջը` Քորինին ճանաչել, Քեմի խոսքերն է մեջբերել Ռոսբալտը:

Այդուհանդերձ, նշվում է, որ արշավորդի օրգանիզմը դեռ թույլ է, ուստի կարճ ժամանակ արթուն մնալուց հետո Շումախերը անմիջապես քնով է անցնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միխաել Շումախերի վիճակը բարելավվել է, եւ որ նա այլեւս կարողանում է շարժել աչքերը եւ շրջապատող մարդկանց ձայներին արձագանքել: Այնուամենայնիվ, բժիշկների խումբը եւ արշավորդի ընտանիքի անդամները հրաժարվում են բուժման մանրամասները բացահայտել: Հայտնի է միայն, որ Շումախերի վիճակի նշանակալի փոփոխություններ են նկատվել դեռեւս հուվարի վերջից, որից հետո մարզիկին կոմայից հանելու վերաբերյալ որոշում էր ընդունվել:

Հիշեցնենք, որ 45-ամյա Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել դեկտեմբերի 29-ին` ֆրանսիական Ալպերում լեռնային դահուկավազի ժամանակ, որից հետո Գրենոբլեում գտնվող հիվանդանոց էր տեղափոխվել: Նախկին արշավորդը մինչ կոմայում հայտնվելը երկու վիրահատություն էր տարել: